ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Անընդունելի տարրերից» տարածաշրջանը մաքրելու ծրագիր

«Անընդունելի տարրերից» տարածաշրջանը մաքրելու ծրագիր
03.06.2008 | 00:00

ՏԱԳՆԱՊԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿ
«Միասնական Ջավախք» կազմակերպության ջարդն ուղղակի առնչություն ունի Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու կառուցման հետ։
Օրերս «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում այդպիսի տեսակետ էր հայտնել Հայաստանի քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։ Ըստ նրա. «Ջավախքում տեղի ունեցած իրադարձությունները Կարսում երկաթուղու հիմնադրման նախօրեին ունեն խոր աշխարհաքաղաքական ենթատեքստ։ Այդ իրադարձությունները պատահական չեն և կենցաղային բնույթ չունեն, իրադրությունն այդ տարածաշրջանում լուրջ է թեկուզ այնքանով, որ ձերբակալված են «Միասնական Ջավախք» երիտասարդական կազմակերպության գործիչները, ովքեր մեկ անգամ չէ, որ ներկայացրել են տեղի հայկական բնակչության դժգոհությունը ինչպես պաշտոնական Թբիլիսիի ընդհանուր քաղաքականությունից, այնպես էլ այդ երկաթուղու կառուցման կապակցությամբ»։
Հայաստանցի քաղաքագետը համարում է, սակայն, որ «Միասնական Ջավախք» կազմակերպությունը կարիք չուներ դիմելու արմատական գործողությունների՝ իր թիկունքում ունենալով տեղական ինքնակառավարման մարմիններում 30% ներկայություն։ Հ. Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ «Միասնական Ջավախքը» հնարավորություն ուներ տեղական բնակչության դժգոհությունն արտահայտել քաղաքակիրթ մեթոդներով։ Քաղաքագետի պնդմամբ, Ջավախքի հայկական ազգաբնակչությունը մեծ տագնապով է հետևում Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու կառուցման գործընթացին՝ մտահոգվելով, որ դրա արդյունքում փորձ կարվի Ջավախքում թուրք-մեսխեթցիներին վերաբնակեցնելու կամ Թուրքիայից բանվորական ուժի ներմուծման հաշվին փոխելու դեմոգրաֆիկ իրավիճակը տարածաշրջանում։
«Վերոհիշյալ երկաթգծի թուրքական հատվածի հիմնադրման արարողությունը և «Միասնական Ջավախք» կազմակերպության նկատմամբ Վրաստանի իշխանությունների կիրառած ջարդը պատահական չեն։ Քաղաքականության մեջ այսպիսի իրադարձային համապատասխանություններ չեն լինում կամ լինում են խիստ հազվադեպ։ Իրադրության վերլուծությունը և այն հանգամանքը, որ եղբայրասպան միջադեպին մասնակցել են Վրաստանի հատուկ ծառայությունները, ցույց են տալիս, որ Թբիլիսին մտադրված է իրագործել իր համար անընդունելի տարրերից տարածաշրջանը մաքրելու ծրագիր։ Այն հանգամանքը, որ շարժման բոլոր ակտիվիստներին տեղափոխել են Թբիլիսի, ասում է այն մասին, որ հնարավոր է գոյություն ունի «Միասնական Ջավախք» շարժման լիարժեք վերացման ծրագիր այդ երկաթուղու կառուցման նախօրեին։ Հայտնի է, որ Թբիլիսին մտահոգված է, թե տեղական բնակչությունը կարող է լրջորեն խոչընդոտել շինարարական աշխատանքների իրականացմանը, և ներքին հարցերը հատուկ ծառայությունների միջոցով լուծելու ձեռագիրն էլ շատ լավ հայտնի է դեռ Շևարդնաձեի ժամանակներից»,- նշել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահը, միաժամանակ հիշեցնելով, որ խորհրդարանի պատգամավոր եղած ժամանակ մի անգամ չէ, որ կոչ է արել Հայաստանի իշխանություններին` սեփական քաղաքականություն մշակել Ջավախքի հարցում։

Դիտվել է՝ 12179

Մեկնաբանություններ